Համառոտ տեղեկագիր


Հայաստանի Հանրապետության գիտակրթական խոշոր կենտրոններից մեկը` Հայաստանի պետական ագրարային համալսարանը (նախկին Հայկական գյուղատնտեսական ակադեմիա) հիմնադրվել է 1994 թ. Հայկա-կան գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների միավորման արդյունքում: Իրենց հերթին այդ երկու բուհերը հիմնադրվել էին 1930 թ. Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի հենքի վրա:

ՀՊԱՀ-ի կրթական համակարգը ներառում է ցերեկային ուսուցման 6 ֆակուլտետ (ագրոնոմիական, պարենամթերքի տեխնոլոգիաների, տնտեսագիտական, անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության, գյուղատնտեսական մեքենայացման և տրանսպորտային փոխադրումների, հիդրոմելիորացիայի, հողաշինարարության և հողային կադաստրի), մագիստրատուրա, ասպիրանտուրա, ագրոբիզնեսի դեպարտամենտ (հայ-ամերիկյան ուսումնական կենտրոն), հեռակա ուսւցման դեպարտամենտ, շարունակական ուսուցման, վերապատրաստման, լրացուցիչ կրթության և ստրատեգիական պլանավորման կենտրոն, հենակետային վարժարան և մարզային հոսքային դասարաններ, պետական գյուղատնտեսական քոլեջ :

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՊԱՀ-ի կառավարման մարմիններն են կոլեկտիվի ներկայացուցչական ժողովը, համալսարանի խորհուրդը, գիտական խորհուրդը և ռեկտորատը: Ինքնակառավարման մարմիններն են ուսանողական խորհուրդը, ուսանողական գիտական ընկերությունը, արհմիութենական կազմակերպությունը և շրջանավարտների միավորումը:


Համալսարանն ունի բարձրակարգ պրոֆեսորադասախոսական և գիտական կազմ: 627 դասախոսից 72-ը գիտությունների դոկտոր են, 290-ը` թեկնածու:

2007 թ. հունվարի դրությամբ համալսարանն ունի 9870 ուսանող և սովորող, որից 4230-ը` ցերեկային, 4920-ը` հեռակա համակարգում, 181-ը` քոլեջում, 288-ը` վարժարանում, 119-ը` մագիստրատուրայում, 132-ը` ասպիրանտուրայում:

2004 թ. սեպտեմբերից ՀՊԱՀ-ում բոլոր 37 մասնագիտությունների գծով ներդրվել է կրթության երկաստիճան համակարգ: Ուսումնառության վերջում բոլոր շրջանավարտները կստանան բակալավրի դիպլոմ: Նրանցից լավագույնները հետագայում ուսումը կարող են շարունակել մագիստրատուրայում:

Հեռակա ուսուցման դեպարտամենտում ընդունելությունը կազմակերպվում է 22 մասնագիտությունների գծով:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ 2004 թ. սեպտեմբերին Սիսիան (Սյունիքի մարզ) և Վանաձոր (Լոռու մարզ) քաղաքներում բացվել են ՀՊԱՀ-ի մասնաճյուղերը:

Համալսարանում գործում է դոկտորի և թեկնածուի գիտական աստիճան շնորհող 6 մասնագիտական խորհուրդ` ագրոնոմիական, անասնաբուժական, անասնաբուծական, ճարտարագիտական, տեխնոլոգիական և տնտեսագիտական ոլորտների 15 մասնագիտությունների գծով:


2003 թ. մայիսից լույս է տեսնում “Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի տեղեկագիր” (բուհի անվանափոխությունից հետո այն կոչվում է “Հայաստանի պետական ագրարային համալսարանի տեղեկագիր”) միջազգային գիտական պաբերականը: Ռուսերեն և անգլերեն լեզուներով հրապարակվող հոդվածների շնորհիվ այն հասանելի է արտասահմանյան շատ երկրների մասնագետներին: Մինչ այդ համալսարանում հրատարակվում էին գիտական աշխատությունների թեմատիկ ժողովածուներ:

ՀՊԱՀ-ում հրատարակվում են “Հասկ” և “Ուսանողական հայացք” թերթերըը:
Համալսարանն ունի ժամանակակից սարքավորումներով կահավորված տպարան, ինչի շնորհիվ ապահովվում է պոլիգրաֆիական աշխատանքների բարձր որակ:

ԱՄՆ-ի գյուղդեպարտամենտի աջակցությամբ 1999 թվից, որպես առանձին կառուցվածքային ստորաբաժանում, համալսարանի կազմի մեջ է ընդգրկվել “Ագրոգիտասփյուռ” խորհրդատվական ծառայությունը, որի առաքելությունն է գյուղատնտեսական գիտության նվաճումների տարածումը, գյուղատնտեսության արդյունավետության բարձրացումը:

Համալսարանն իրավամբ հպարտանում է իր կենդանաբանական թանգարանով, որը լավագույններից է ԱՊՀ-ում: Թանգարանի հազվագյուտ ցուցանմուշները հետաքրքրություն են ներկայացնում ոչ միայն գիտնականների և ուսանողների, այլև քանդակագործների և նկարիչների համար: Պակաս արժեքավոր չէ ՀՊԱՀ-ի պատմության թանգարանի հավաքածուն:

Համալսարանն ունի 1130 հեկտարից ավելի ընդհանուր մակերեսով երկու ոսումնափորձնական տնտեսություն, որտեղ զարգացած են անասնապահությունը, բուսաբուծությունը, պտղաբուծությունը, խաղողագործությունը, բանջարաբուծությունը: Շուտով կվերագործարկվի հիմնովին նորոգված կաթի վերամշակման և կաթնամթերքի ուսումնափորձնական գործարանը: Տնտեսություններում ուսանողները, մագիստրանտները, ասպիրանտներն ու գիտաշխատողները իրականացնում են ուսումնական և հետազոտական ծրագրեր: Համալսարանի ղեկավարությունը նպատակամղված աշխատանք է տանում ուսումնափորձնական տնտեսությունների կայունացման, արտադրական միջոցների վերազինման, առաջավոր տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ:

ՀՊԱՀ-ի ռեկտորատի և արհմիութենական կազմակերպության ուշադրության կենտրոնում են աշխատողների և ուսանողների հանգստի ու ժամանցի կազմակերպման հարցերը: Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի տարածքում կառուցված “Զարթոնք” հանգստյան տունը գործում է ամբողջ տարվա ընթացքում: